Մնալ առաջավոր և՛ ուսման որակի, և՛ գիտաարտադրական ոլորտներում

Մնալ առաջավոր և՛ ուսման որակի, և՛ գիտաարտադրական ոլորտներում

Ի՞նչ ուղղություններով է շարունակելու զարգանալ ՀԱՊՀ-ն, որո՞նք են նրա առջև ծառացած խոչընդոտները, գիտաարտադրական ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ունի համալսարանը, ֆինանսական միջոցների ինչպիսի՞ պլանավորման, ձևավորման և բաշխման է անցնում բուհը, և սոցիալական ի՞նչ նոր փաթեթ է ներդրվում ՀԱՊՀ-ում… Այս և այլ հարցերի շուրջ է ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի հետ «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Ջանիկ Սևոյանի հարցազրույցը:

-Պարոն Մարուխյան, ի՞նչ ուղղություններով է շարունակում զարգանալ ՀԱՊՀ-ն:

– Մինչ հարցին անդրադառնալը, մարտի 1-ի՝ Պոլիտեխնիկի ծննդյան օրվա առթիվ ցանկանում եմ իմ բարեմաղթանքները հղել Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմին, բոլոր աշխատակիցներին, ուսանողներին և աշխարհասփյուռ բազմահազար շրջանավարտներին, մարդկանց, ովքեր երախտապարտ են իրնց մայր կրթօջախին և բարձր են պահում նրա վարկանիշն ու հեղինակությունը: Ինչ վերաբերում է ՀԱՊՀ-ի զարգացման ուղղություններին, ապա այն համապատասխանում է այն հայեցակարգի հիմնադրույթներին, որոնք շուրջ կես տարի առաջ ներկայացրել եմ ռեկտորի պաշտոնի մրցույթում: Ծրագրում, ընդհանուր առմամբ ներկայացված է, թե ինչպես եմ պատկերացնում մեր հաստատության դերը բարձրագույն կրթության համակարգում, ինչպիսին եմ տեսնում այսօրվա Պոլիտեխնիկը, որոնք են Պոլիտեխնիկի ուժեղ և թույլ կողմերը, և ինչ շեշտադրումներ պետք է անել Պոլիտեխնիկի լավագույն ավանդույթները վերագտնելու և ամրապնդելու առումով: Ներկայացված ծրագիրը հավանության արժանացավ Հոգաբարձուների խորհրդի կողմից, և այսօր Պոլիտեխնիկը ընթանում է այդ ուղղությամբ: Անցած ամիսների ընթացքում յուրաքանչյուր ստորաբաժանման հետ հանդիպումների ժամանակ ծրագրի ինչ-ինչ բաղկացուցիչներ լրացուցիչ ձևով ներկայացվել են: Երկխոսության պայմաններում փորձում եմ տեսնել՝ այդ հայեցակարգի շուրջ ինչպիսի՞ն է արձագանքը, ինչպե՞ս են տեսնում ֆակուլտետները դրա հիմնադրույթների իրականացման ուղիները: Այդ տեսանկյունից կարևորում եմ կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք մենք իրականացնում ենք: Չեմ թաքցնում՝ բոլոր մակարդակներում բարձրաձայնել ենք` ամենայն ուշադրություն և կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն բանիմաց, երիտասարդ, կարող ուժերին ասպարեզ բերելու, որոշակի կառույցներում նրանց տեղաբաշխելու և ռեզերվ ստեղծելու համար, որը մոտակա ժամանակահատվածում պետք է փորձի իր վրա վերցնել այն ծանր ու պատասխանատու առաքելությունը, որ կոչվում է ՀԱՊՀ-ի ուսումնական, գիտահետազոտական և մյուս գործառույթների ու գործընթացների կառավարում: Հասկանում եմ` բավականաչափ ծանր և պատասխանատու գործ է, մանավանդ այնպիսի իրողության պայմաններում, երբ, չէի ասի, որ ֆինանսական լավ վիճակում ենք: Առաջինը` կուզենայի, որ հստակորեն իրականացվի կադրային թարմ հոսք դեպի կառավարման համակարգ, երիտասարդ ուժերի ներհոսք հատկապես ֆակուլտետային մակարդակի կառավարման համակարգ: Սա արդեն սկսել և անում ենք: Հաջորդը` վարչակառավարչական հաստիքակազմի թվաքանակի և առանձին կառուցվածքային միավորների օպտիմալացումն է` թիրախային նպատակ ունենալով ռեսուրսահաստիքախնայողությունը: Հստակ ձևակերպված է նաև մեր առջև դրված խնդիրը` բարձրացնել համալսարանի վարկանիշը: Իսկ այդ գործընթացին բոլորը պետք է իրենց մասնակցությունն ունենան. և՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, և՛ օժանդակ անձնակազմը, և՛, բնականաբար, ուսանողությունը: Հայեցակարգային դրույթների կարևորագույն կետերից մեկը համարում եմ այն, որ փորձում և առաջարկում եմ համալսարանում կազմակերպել և իրականացնել Բոլոնիայի գործընթացին համահունչ ուսանողակենտրոն կրթության գաղափարը: Պետք է հստակորեն և միանիշ կերպով գիտակցենք այն հանգամանքը, որ ունենք 2 շահառու: Թիվ մեկ շահառուն ուսանողն է, թիվ երկու շահառուն` գործատուն: Ահա այս երկու շահառուների կողմից ակնկալվող խնդիրների, պահանջվող կրթության կիզակետում պետք է տեսնենք մեր գործունությունը և համալսարանի զարգացման ուղղությունը:

2 – Որո՞նք են համալսարանի առջև ծառացած կարևորագույն խնդիրները այսօրվա իրողություններում, և որո՞նք են 2016 թ. գլխավոր անելիքներն ու ծրագրերը:

– Կցանկանայի նախ անդրադարձ կատարել փետրվարի 5-ին Հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացրած հաշվետվությանը, որով ամփոփվեց նախորդ ժամանակահատվածը` ամբողջական եզրակացություններով, երաշխավորություններով, նաև մտահոգություններով: Եթե խոսում ենք, մասնավորապես 2016թ. ծրագրերի և անելիքների մասին, ապա պետք է նայենք հաշվետվական այդ զեկույցը և մեկնակետ ընդունենք այդտեղ բերված եզրահանգումները և երաշխավորությունները: Եվ այդ տեսանկյունից կարելի է նշել, որ համալսարանի համար այսօր թիվ մեկ խնդիրը մնում է հանրակրթական դպրոցի տարեցտարի նվազող շրջանավարտների և մրցակցային միջավայրի ուժեղացող ազդեցության պայմաններում ուսանողական համակազմի հավաքագրումը։ Այս առումով մեկ-երկու թվի հրապարակումը ուղղակիորեն կարող է պատկերացում տալ այն իրավիճակի մասին, որը կար նախորդ` 2015թ. ընդունելության ժամանակ: Գրեթե համոզված ենք, որ իրավիճակը քիչ սրված կտեսնենք նաև 2016 թ.-ին։ Այսպես. 2012-2015 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը 32.7%-ով նվազել է, և նույն քանակով` 32.5 %- ով նվազել է բուհերի դիմորդների թիվը։ Նույն ժամանակահատվածում՝ 2012-2015 թվականներին, «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից միասնական քննություններ հանձնած դիմորդների կազմում «Մաթեմատիկա» հանձնած դիմորդների թվաքանակը նվազել է 36.9 %-ով, իսկ «Ֆիզիկա» առարկան հանձնողներինը` 41.2 %- ով։ Հասկանալի է, որ տեխնոլոգիական համալսարանները, մասնավորապես` հենց Պոլիտեխնիկը, որի ընդունելության միասնական քննությունների զույգը հենց «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներն են, բավականին ծանր իրավիճակում են հայտնվել։ Կատարենք մեկ այլ համեմատություն. ՀԱՊՀ առաջին հայտով անվճար..հայտագրված դիմորդների թվաքանակը 2012թ. համեմատ գրեթե 25 տոկոսով պակասել է։ Սա անհանգստացնող երևույթ է։ Բնականաբար, ոմանց կարող է հետաքրքրել` համալսարանական դիմորդների ներքին կառուցվածքը կարո՞ղ է փոփոխություն կրել: Միանշանակ կարող եմ հայտարարել հետևյալը. դիմորդների քանակով, բնականաբար, առաջին տեղում շարունակում է մնալ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետը` 2015թ. դիմորդների թվաքանակի 30.1 %-ով: Եթե առանձնացած դիտարկենք ու նաև մրցանակային տեղերիհասկացություն մտցնենք, ապա երկրորդ տեղում Կիբեռնետիկայի ֆակուլտետն է՝ 14 %, երրորդ տեղում Էներգետիկական ֆակուլտետը, չորրորդում` Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետը, հաջորդը՝ Էլեկտրատեխնիկական ֆակուլտետն է, համապատասխանաբար՝ 9.5, 8.5 և 6.7 % չափաբաժիններով։ Ահա և հինգ ֆակուլտետները, որոնք, ըստ էության, ապահովում են դիմորդների գերակշիռ չափաքանակը Պոլիտեխնիկում:

Եվ եթե նայենք ըստ մասնագիտությունների, ապա կան այնպիսիները, որտեղ տարեցտարի դիմորդների քանակը գնալով ավելի է պակասում և, բնականաբար, սա հանգեցնում է ուսանողական համակազմի կրճատման և դրանից բխող բոլոր ոչ այնքան ցանկալի երևույթների։ Ի դեպ, ասեմ, որ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններից բարձր առաջադիմությամբ մեզ մոտ եկող այն անձանց ընդունելության ցուցանիշը, ովքեր ունեցել են արտոնություն իրենց ուսուցումը 2-րդ կուրսում շարունակելու, նախորդ տարում լավագույններից մեկն է եղել՝ 193 դիմորդ։ Եթե համեմատելու լինեինք 2014 թ. հետ, ապա նրանք 152-ն էին։ Անշուշտ, այս ամենը հրապարակում եմ միայն և միայն այն տեսանկյունից, որպեսզի պարզ լինի, որ մեր Ընդունող հանձնաժողովը լուրջ խնդիր ունի իր առջև դրված: Հանձնաժողովը և նրան կից կառուցվածքները տարվա կտրվածքով պետք է լուրջ աշխատեն: Ավանդական մեթոդներին հետևող էպիզոդիկ այցելությունները դպրոցներ՝ այլևս դիմորդ հավաքագրելու հիմնական ուղին չեն։ Աշխատանքը պետք է կառուցվի նոր մոտեցումներով, գովազդների, հաղորդակցության ժամանակակից միջոցների լայն օգտագործմամբ: Այստեղ մեզ պետք է օգնեն ուսանողական համակազմը և Ուսխորհուրդը, որը կարող է բավականին հետաքրքիր ներկայացնել այսօրվա համալսարանը` իր բոլոր առավելություններով, մասնագիտական հնարավորություններով: Մասնավորապես` ուսանողները կարող են ավարտական դասարանների աշակերտների հետ համապատասխան կապ հաստատել, ինչը, կարծում եմ, էապես կարող է ազդել նրանց հետագա մասնագիտական կողմնորոշման վրա։ Ինչքան էլ մենք հպարտորեն նշենք, որ մեր Ավագ դպրոցը համալրում է հաստատությունը բավական լավ կադրերով, մասնավորապես` Երևանի դպրոցում այսօր ունենք 600-ը գերազանցող աշակերտական համակազմ և, իսկապես, բարձր որակի, բայց չմոռանանք, որ հենց միայն Երևան քաղաքում կա դպրոցների այն- պիսի շարքացանկ, որտեղ անհրաժեշտ աշխատանք կատարելու պարագայում կապահովենք դիմորդների թվաքանակի աճ: Օրինակ, եթե Ուսանողական խորհուրդը ձեռնարկեր և դիմորդների հավաքագրման գործընթացում ներդներ այնպիսի միջոցներ, ինչպիսիք էլեկտրոնային էքսկուրսիաներն են համալսարանի մի շարք լաբորատորիաներում, ապա բոլորովին այլ տպավորություն կստեղծվեր, և դիմորդը իր բնակարանից, դպրոցից դյուրակիր սարքի միջոցով կարող էր տեսնել մեր հնարավորությունները, ուսանողական համակազմի ներկայացուցիչների կողմից լսել ուղղորդող խորհրդատվություն։ Նշեմ, որ նախադեպը արդեն ունենք՝ օգոստոսին, ՈւԽ-ի առաջարկով «360-ԵՐԵՎԱՆ» նախագիծը ներդրվեց Հայաստանի ազգա- յին ճարտարագիտական լաբորատորիաների ներկայացման համար: Գտնում եմ, որ դպրոցի աշակերտների շրջանում ճարտարագիտական մասնագիտությունների գովազդման ձևերը պետք է դառնան բազմատեսակ։ Դրանցում պետք է ներգրավված լինեն գործատուները, շրջանավարտները, այսօրվա ուսանողությունը. մեկ-երկու հաջողակ գործատուի, գործարարի, ուսանողական համակազմի ներկայացուցիչների պատմածը, նկարագրածը, ներկայացրածը կարող են շատ և շատ մեծ ազդեցություն ունենալ։ Աշխատանք պետք է կատարվի բուհը նաև արտերկրի ուսանողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Այստեղ կարևորվում է որոշակի մասնագիտությունների գծով Պոլիտեխնիկի արդեն իսկ ունեցած եվրոպական հավատարմագրերի ճիշտ ներ- կայացումը: Հաշվի առնելով և՛ աշխատաշուկայի պահանջարկը, և՛ մեր ներքին հնարավորությունները, կարծում եմ` այս տարի վերը նշված խնդիրը մի փոքր ավելի բարձր մակարդակով կիրականացնենք։ Եթե ընդհանրացնենք, ապա պետք է կրկնեմ, որ 2016թ. ընդունելության հաջող կազմակերպումը կարևորագույն խնդիրներից է:

3.Պարոն Մարուխյան, խոսք եղավ համալսարանում արտասահմանյան ուսանողներին ներգրավելու մասին: Ի՞նչ աշխատանք է կատարվում այս ուղղությամբ, ի՞նչ պայմաններ կարող է բուհն առաջարկել օտարերկրյա քաղաքացիներին:

– 2016թ. առաջնահերթությունների մեջ կարևորել ենք արտասահմանյան ուսանողության բաժանմունքի աշխատանքը` ուսանողական համակազմի կտրուկ անկումը կանխարգելող քայլեր իրականացնելու ուղղությամբ։ Համոզված ենք, որ պետք է հարևան, ինչու չէ, նաև մի շարք այլ, ավելի հեռու երկրներում պատկառազդու ձևով, ամենայն խորությամբ ներկայացնենք մեր մասնագիտությունները, ցույց տանք, որ մենք գտնվում ենք նաև եվրոպական ամբողջական հավատարմագրման գործընթացի ավարտի նախաշեմին: Օտարերկրյա ուսանողների` մեր բուհում ուսումնառության մասին խոսելիս կարելի է զուգահեռ անցկացնել նաև մեր ուսանողների արտերկրյա բուհերում սովորելու հետ: Ասեմ, որ այս ուղղությամբ ակտիվ գործընկերային հարաբերությունները շարունակվում են արտասահմանյան բուհերի և այլ հաստատությունների հետ։ Կարևորում եմ մագիստրոսական այն ծրագրերի իրականացումը, որը ենթադրում է կրկնակի դիպլոմների շնորհում տարբեր բուհերի հետ համատեղ։ Մեր ուսանողական համակազմի շատ ներկայացուցիչներ այդ բովով անցնում են և բավականին հաջողություններ են արձանագրում։ Սա այն ուղին է, որը տանում է դեպի համալսարանի միջազգայնացում, նրա վարկանիշի բարձրացում, և, որպես այդպիսին, այլընտրանք մենք չունենք։

  1. – Կրթական տեսանկյունից ո՞րն էր համալսարանի 2015 թվականի կարևորագույն ձեռքբերումը, և ելնելով այդ հաջողությունից` ինչպիսի՞ շղթայականություն կարող է այն առաջացնել:

– 2015թ. որակի ապահովման տեսանկյունից կարևորագույն ձեռքբերումներից մեկը բուհական համակարգում որոշակի մասնագիտությունների ուղղությամբ եվրոպական հավատարմագրում ստանալու հանգամանքն էր։ Խոսքը վերաբերում է «Տեղեկատվական անվտանգություն» և «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտություններին։ Մենք ունենք եվրոպական այդ հավատարմագրերը Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի հետ համատեղ, և, բնականաբար, սա պետք է շատ լավ գովազդվի ու ներկայացվի նաև հանրույթին: Այդ տեսանկյունից եթե անդրադառնում ենք Ստրատեգիական պլանի կատարման կողմնորոշիչներին, ապա ուսուցման որակի գնահատման և ապահովման գործող համակարգը՝ համահունչ եվրոպական արժևորման համակարգի չափանիշներին, կատարվել է: Շահագործման է հանձնվել վեբտեխնոլոգիաների վրա հիմնված տեղեկատվական վերլուծական առցանց համակարգը, որի ավարտման աշխատանքները կշարունակվեն 2016 թվականին։ Շղթայականությունը կապահովեն այս համատեքստից բխող աշխատանքները, որոնք շարունակվում են և կամբողջանան այս տարի: Մենք հույս ունենք, որ սեպտեմբերհոկտեմբեր ամիսներին եվրոպական ամբողջական հավատարմագրման փաստաթղթային ձևակերպումը կավարտենք։ Բոլոր նախադրյալները դրա համար առկա են, և, կարծում եմ, կհասնենք դրան։

  1. – Վերջերս շատ է խոսվում Պոլիտեխնիկի ֆինանսական վիճակի մասին: Հոգաբարձուների և Գիտական խորհուրդներում առանձ- նակի անդրադարձ է կատարվում ֆինանսական միջոցների պլանավորմանը, ձևավորմանը և բաշխմանը: Ի՞նչ ունենք այդ ուղղությամբ, և ի՞նչ է նախատեսվում:

– Բնականաբար, մենք պետք է պահպանենք մեր` տարիներ ի վեր իրեն արդարացրած սկզբունքների հիման վրա ֆինանսական միջոցների պլանավորման, ձևավորման և բաշխման գործընթացը, սակայն, կարծում եմ, ժամանակն է` հետադարձ կատարել ֆակուլտետային առանձին բյուջեների ձևավորմանը, ինչը երկար տարիներ փորձարկված և հաջողությամբ կիրարկված մեթոդ էր, որն իրեն արդարացրել էր։ Հանիրավի կերպով 2011թ. վերջից հրաժարվեցին այս մեթոդից` դրանով իսկ որոշակի խնդիրներ առաջացնելով շատ և շատ կառուցվածքային ստորաբաժանումների համար։ 2016թ. համալսարանի եկամուտների լուրջ ավելացում տեղի կունենա: Խոսքը Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում մեր ներկայացրած դրամաշնորհային ծրագրի՝ «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ի մասին է։ Այն նոր մոտեցում է մեր կողմից մի շարք հետազոտական, նաև ուսումնական նպատակների, բացառիկ սարքավորումների ձեռքբերման և դրանց հետագա շահագործման ապահովման տեսանկյունից։ Կարծում եմ՝ արդեն մեկնարկած ծրագրի առաջին պտուղները կտեսնենք այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այս համատեքստում 2016թ. համար կարևորում ենք մեր գիտական ներուժի՝ պոտենցիալի պահպանման և հիմնադրամի պարագայում ինովացիաների նոր ծրագրերում վերջինիս ներդրման խնդիրը: Որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը, բայց նույն տեսանկյունից, կցանկանայի նշել, որ արդեն իսկ թեմատիկ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում վատ չեն մեր ցուցաբերած արդյունքները: Իսկ ինչ վերաբերում է միջազգային դրամաշնորհներից ֆինանսավորվող ծրագրերին, ապա դրանց մի մասը 2015-ին ավարտվել է, 2016-ին աշխատանքները կշարունակվեն: Չեմ թաքցնում նաև, որ հավակնություններ ունենք` կապված Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրների հետ համաֆինանսավորմամբ իրականացվող այլ ծրագրերի ուղղությամբ։ Խոսելով ֆինանսական վիճակից, նշեմ որ 2016թ. կարևորելով համալսարանի կենսաապահովման որոշակի համակարգերի վերականգնողական վճռորոշ աշխատանքների իրականացումը և այդ տեսանկյունից օգտագործելով «Պոլիտեխնիկ» հիմնադրամի հնարավորությունները, կփորձենք արմատականորեն վերակառուցել մեր կաթսայատունը, տեղադրելով նոր կաթսաներ, որոնք ոչ միայն ջեռուցման ժամանակահատվածում կապահովեն անհրաժեշտ մակարդակի ջերմամատակարարում, այլև կլինեն խնայողական, և, բնականաբար, այսպիսի սակագների պարագայում մենք կարող ենք որոշակի միջոցների խնայողություն ունենալ։ Ավարտվում է ձմեռը, սակայն պոլիտեխնիկցիները կարող են վկայել, որ մեր կենսաապահովման համակարգերը այս ձմեռվա ընթացքում որևէ լուրջ խնդիր չեն առաջացրել, և ի պատիվ նրա շահագործողների` պետք է նշել, որ գարնան սկիզբը դիմավորում ենք բարվոք պայմաններում։

  1. – Պարոն Մարուխյան, համալսարանում այս օրերին աշխատակիցների շրջանում անցկացվում են հարցումներ` կամավոր բժշկական ապահովագրության փաթեթ ներդնելու համար: Այն նաև Ձեր նախընտրական ծրագրում էր նշված որպես սոցիալական փաթեթ: Ինչի՞ մասին է խոսքը:

– Մենք գտնում ենք, որ Հայաստանում առողջության պահպանման հարցը աշխատակիցների կողմից բավարար ուշադրության չի արժանացել, այդ իսկ պատճառով նկատվում է բազմաթիվ հիվանդությունների երիտասարդացում: Հասարակության մեջ առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունքը այսօր անհրաժեշտություն է: Մյուս կողմից` հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Աշխատակիցների առողջության ապահովագրությունը շատ կազմակերպություններում կորպորատիվ մշակույթի սովորական դարձած տարրերից է: Գործատուի հոգատարությունը աշխատողների և, շատ դեպքերում՝ նրանց ընտանիքների անդամների առողջության նկատմամբ, զգալիորեն նպաստում է ապագայի հանդեպ աշխատակիցների վստահության ամրապնդմանը և, որպես կանոն, տվ յալ աշխատատեղի հանդեպ հավատարմությանը: Այս մասին խոսել եմ դեռևս ՀԱՊՀ ռեկտորի ընտրությունների ժամանակ: Սա` իբրև շահագրգիռ հանգամանք, խթան կարող է լինել համալսարանում երիտասարդ գիտական կադրերին` աշխատանքի անցնելու համար: Նպատակ ունենալով բարձրացնել առողջության պահպանման վերաբերյալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակիցների իրազեկութրի բուժման ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն առաջարկում է աշխատակիցների (և ընտանիքի անդամների) կամավոր բժշկական ապահովագրության առանձնահատուկ փաթեթ: Ընդ որում` աշխատակիցների փաթեթի 60%-ը կփոխհատուցի համալսարանը: Աշխատակիցներին մնում է միայն ըստ փաթեթի իրենց աշխատավարձից ամսական վճարել 2150-ից մինչև 2800 ՀՀ դրամ և ողջ տարվա համար ունենալ մինչև 3 000 000 ՀՀ դրամի առողջական ապահովագրության փոխհատուցում: Հարցումներով ճշգրտվում է աշխատակիցների համաձայնությունը այս ուղղությամբ: Կամավոր բժշկական ապահովագրության առաջարկվող առանձնահատուկ փաթեթի շրջանակներում ՀԱՊՀ-ի աշխատակիցներին (և ընտանիքի անդամներին) հնարավորություն է տրվում անցնել բուժզննություն և գտնվել հանրապետության լավագույն մասնագետների հսկողության ներքո: «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության հետ վարվող բանակցությունների արդյունքում ՀԱՊՀ-ին առաջարկվեց մի փաթեթ, որն իր առավելություններով գերազանցում է շուկայում եղածներին: Իհարկե, բանակցություններ եղել են հայաստանյան շատ այլ ապահովագրական ընկերությունների հետ նույնպես: Սակայն վերջինիս առաջարկածը հարիր է Պոլիտեխնիկի աշխատակիցներին:

7.Ամփոփելով հարցազրույցը, վերջին հարցը, ըստ էության, վերաբերում է համալսարանում ինստիտուտների ձևավորմանը և 2016- 2020թթ. ՀԱՊՀ Ստրատեգիական պլանին: Ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ:

– Համալսարանը ինստիտուտների ձևավորման փուլում է գտնվում: Առաջին ձևավորվածը` ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը, հաստատվել է ՀԽ-ի կողմից, ԳԽ-ում ընդունվել է վերջինիս կանոնակարգը, ռեկտորի հրամանով նշանակվել է ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար: Ինստիտուտը գործում է` սկսած փետրվարի 1-ից: Այս գործընթացը շարունակվելու է մինչև համալսարանի ներսում ամբողջական ինստիտուտների ձևավորման ավարտը: Ինչ վերաբերում է Ստրատեգիական նոր պլանի ձևավորման գործընթացին, ապա ասեմ, որ եկող շաբաթ հանձնաժողովը նիստ կունենա և բավական կարճ ժամանակահատվածում կիրականացնի իր աշխատանքը: Չծավալվելով այս ուղղությամբ` նշեմ, որ 2016-2020թթ. ՀԱՊՀ Ստրատեգիական պլանը կամբողջանա ապրիլին։