«Հայկյան-2017» մրցանակը շնորհվեց Պոլիտեխնիկի Ուսանողական Խորհրդին

«Հայկյան-2017» մրցանակը շնորհվեց Պոլիտեխնիկի Ուսանողական Խորհրդին

Այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։

Մրցանակաբաշխությանը մասնակցում էին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը:

«Հայկյան» մրցանակաբաշխությանը ներկա էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայկյան-2017» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երևան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» և «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:

«Հայկյան» մրցանակաբաշխության «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի «Միասնության Ուժ» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքին: Մրցանակը հանձնեց Քառօրյա պատերազմի մասնակից, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակակիր Հարություն Բադալյանը:

ՀԱՊՀ ՈւԽ նախագահ Գ.Հարությունյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ որ այս հաղթանակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդինն է և յուրաքանչյուր ուսանողինը: «Արդեն երկու տարի է ինչ Պոլիտեխնիկական համալսարանի, ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ հիմնադրվեց և իրականացվեց «Միասնության ՈւԺը»-ը ռազմահայրենասիրական, ուսանողական-երիտասարդական միջբուհական հավաքը, որn իր շուրջը միավորեց ՀՀ և ԱՀ ավելի քան 420 ուսանողների: «ՄԻասնության Ուժը» ռազմահայրենասիրական հավաքի շնորհիվ մենք կարողացանք ուսանողության շրջանակում ևս մեկ անգամ ընդգծել ազգային արժեքները»,-ասաց Գ.Հարությունյանը։

Գ.Հարությունյանը խոսքը եզրափակեց Հանրապետության նախագահին հրավիրելով «Միասնության Ուժը 2018» հավաքին:

Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շնորհավորեց «Հայկյան» մրցանակի արժանացած բոլոր մրցանակակիրներին, ևս մեկ անգամ ողջունեց և կարևորեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ու անսպառ եռանդ և հետագա նորանոր հաջողություններ մաղթեց երիտասարդներին: