Պոլիտեխնիկում նշեցին Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանը

Պոլիտեխնիկում նշեցին Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանը

Պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը մայիսի 25-ին համալրվեց ևս մեկ յուրօրինակ միջոցառմամբ՝ նշվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանը։

Պոլիտեխնիկի Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը, Ուսանողական խորհրդի և Քոլեջի տաղանդաշատ ուսանողների հետ համատեղ կազմակերպել էր թեմատիկ ցուցահանդես-միջոցառում։

Միջոցառմանը ներկա էին ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը, Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Էլբակ Էլբակյանը, տնօրենի տեղակալ Գրիգոր Բաղրամյանը, ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր։

Ներկաներին ողջունեց Ո. Մարուխյանը՝ իր խոսքում նշելով. «100 տարի առաջ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայ ժողովուրդը հաստատեց ապրելու և անկախ պետականություն կերտելու իր իրավունքը։ Դարեր շարունակ պետականություն չունենալուց հետո՝ 1918թ. մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը։  Հայ ժողովրդի մարտական ոգին միշտ բարձր է եղել,  մենք բազմիցս ապացուցել ենք, որ երբ հայ ժողովուրդը միասնական է, միշտ հասնում է հաղթանակի: Դրա ապացույցը Սարդարապատն է»: Ռեկտորը շնորհավորեց բոլորին և Հայաստանի առաջին Հանրապետությանը նվիրված միջոցառումներին մաղթեց ակտիվ մասնակցություն՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին պատվախնդիր աշխատանքի համար:

Այնուհետև ուսանողները առաջին հանրապետությանը նվիրված պատմավավերագրական նյութեր ներկայացրեցին: Զեկուցումներ կարդացին Տիգրան Գրիգորյանը՝ «Բաթումի պայմանագիր, ՀՀ անկախության հռչակագիր», Ստելլա Սարխոշյանը՝  «Բաշ-Ապարանի ճակատամարտ» և Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողուհի Նանե Մարտիրոսյանը՝ «Արցախյան բանակցային գործընթաց» թեմաներով։

Միջոցառման բոլոր մասնակիցներին ողջունեց նաև Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Նելլի Բաղդասարյանը: «1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդին հնարավորություն տվեցին ապրել և գոյատևել, մենք պետք է կարողանանք դասեր քաղել մեր և՛ հաղթանակներից, և՛ պարտություններից: Սակայն այս տարին հաղթանակների տարի էր. մենք նշում ենք Առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, Պոլիտեխնիկական համալսարանի և Հասարակագիտության ամբիոնի 85-ամյակը, ապա Արցախյան ազատամարտի 30-ամյակը:Այս բոլոր հաղթանակներն են, որ պետք է կրթեն մեր սերունդներին»,-նշեց նա:

Ն. Բաղդասարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը, Ուսխորհրդին, նաև Քոլեջի դասախոս Աիդա Մարգարյանին՝ իր ուսանողների հրաշալի աշխատանքներով միջոցառմանը մասնակցելու համար:

Քոլեջի տնօրենի պաշտոնակատար Էլբակ Էլբակյանը ցուցահանդեսի մասնակից ուսանողներին հորդորեց նույն կերպ շարունակել: Նա նշեց, որ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդին հնարավորություն տվեցին ապրելու և գոյատևելու, սակայն նոր սերնդի առաքելությունը զարգանալը պետք է լինի՝ մեր հաղթանակներից և պարտություններից դասեր քաղելով:

Միջոցառման մասնակիցները ծանոթացան քոլեջի տաղանդաշատ ուսանողների ձեռքի աշխատանքներն: Ցուցադրված բոլոր եկեղեցիները հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ էին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը. որոնք մատաղ սերնդին օգնում են ճանաչել և գնահատել մեր անցյալն ու ավանդական արժեքները:

Ցուցանմուշների հեղինակ և զեկուցումներ ներկայացնոց բոլոր ուսանողները ռեկտորի կողմից ստացան շնորհակալագրեր: