Տեղի ունեցավ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Ս.թ. հունիսի 8-ին Պոլիտեխնիկի Ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը` Խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի նախագահությամբ և Կարապետ Կոգարովի քարտուղարությամբ: Համալսարանի ղեկավարությունից նիստին մասնակցում էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, ինստիտուտների տնօրեններ, դեկաններ և դասախոսներ:

Նիստը սկսվեց ըստ օրակարգի: Առաջին հարցի՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ զեկուցեց Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բաղդասարյանը: Նա Հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրեց ՀԱՊՀ Գյումրու  մասնաճյուղում առավել արդյունավետ կրթություն կազմակերպելու համար կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Նշվեց, որ Գյումրու մասնաճյուղում վերջին տարիներին փոքրացել է ուսանողական համակազմը, ինչն էլ առաջացրել է որոշակի վերաբաշխում կատարելու անհրաժեշտություն: Առաջարկվեց  3 փոխտնօրենի հաստիքը դարձնել 2, ինը ամբիոնի փոխարեն թողնել 8-ը, ֆակուլտետայինի փոխարեն անցնել ինստիտուտային կառուցվածքի, վերակազմակերպումներ կատարել նաև գրադարանում և ուսումնամեթոդական մասում: Առաջարկվեց նաև ՀԱՊՀ Տեխնոլոգիական չափումներ բազային գիտահետազոտական լաբորատորիան ներառել Գյումրու մասնաճյուղի կազմում, մասնաճյուղում ստեղծել նոր կառուցվածքային միավոր՝ Տեղեկատվական համակարգերի սպասարկման բաժին, վերակազմակերպել տեխնիկական մասը և լուծարել Հեռակա ուսուցման բաժանմունքը:

Մ. Բաղդասարյանը նշեց նաև, որ առաջարկը ներկայացված է Գյումրու մասնաճյուղի Գիտական խորհրդի կողմից:

Եղան մի շարք հարցեր, որոնց զեկուցողը տվեց սպառիչ պատասխաններ:

Օրակարգային երկրոդ հարցով՝ ՀԱՊՀ կամավոր առողջապահական ապահովագրության մրցույթի արդյունքի վերաբերյալ զեկուցեց ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը: Նա նշեց, որ անցած տարի բուհում ապահովագրված անձանց թիվը եղել է 1118, իսկ ընդհանուր փոխհատուցված գումարը կազմել է 57.688.007.00 դրամ:  Աշխատակիցների բուժման ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցումից օգտվել են 21 տարեկանից մինչև 81 տարեկան աշխատակիցներ: Խորհրդին առաջարկվեց թույլ տալ շարունակել Պոլիտեխնիկի աշխատակիցների առողջական ապահովագրությունները:

Հոգաբարձուների խորհուրդը բաց քվեարկությամբ որոշեց հաստատել առաջարկությունը: Օրակարգային հաջորդ հարցը 2018-2019թթ. ուսումնական տարվա առկա բակալավրի ընդունելության առաջին փուլի ավարտի վերաբերյալ Գ. Վարդանյանի զեկուցումն էր: Նա նշեց, որ չնայած այս տարի դիմորդների ընդհանուր թիվը կիսով չափ զիջում է անցած տարվան, այնուամենայնիվ, Պոլիտեխնիկը շարունակում է դիմորդների թվով մնալ առաջիններից: Ընդհանուր առմամբ դիմորդների քանակը առաջին փուլում եղել է 503, որոնցից 363-ը հանձնելու է միասնական քննություն «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից, 118-ը միայն «Մաթեմատիկա» և 5-ը «Ֆիզիկա» առարկաներից:


Գ. Վարդանյանը ՀԱՊՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնի պատկերավոր գրաֆիկների միջոցով մանրամասնորեն ներկայացրեց այն ինստիտուտները, որոնք ըստ էության, ապահովում են դիմորդների գերակշիռ չափաքանակը Պոլիտեխնիկում:
ՀԱՊՀ Խորհրդին Ֆինանսական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկություններ հայտնեց գլխավոր հաշվապահ Կ. Խաչատրյանը: Ներկայացնելով 2018թ. հունվար-մայիս ամիսների ֆինանսական հոսքերը՝ նա խոսեց ուսման վարձի զեղչերի վերաբերյալ՝ հայտնելով, որ այս նպատակով 2018-2019 ուստարում բուհը ծախսել է 243 մլն դրամ: Նշվեց, որ մեր ուսանողների մոտ 40%-ը օգտվում է ուսման վարձի զեղչից, որոնցից 173 հոգին Ապրիլյան պատերազմի մասնակիցներ են, 12%-ը՝ 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներ: Խոսվեց նաև մնացորդների և ավանդների մասին, որոնց տոկոսներից ևս օգտվում են մեր ուսանողները: Կ. Խաչատրյանը նշեց նաև որ ՀԱՊՀ գերազանցության կենտրոնների ծախսերը ամբողջովին փոխհատուցվել են ՀԷՑ-ի կողմից, դրանք եղել են ապրանքանյութական և աշխատանքների տեսքով, այսինքն՝ համալսարանի միջոցներից ելքեր և մուտքեր չեն եղել:
Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը ներկայացրեց համալսարանում իրականացված միջազգային հավատարմագրման մասին՝ տրամադրելով արված աշխատանքի մասին հակիրճ տեղեկություններ: Պրոռեկտորը մանրամասներեն խոսեց HCERES և ANECA որակի գնահատման և հավատարմագրման գործակալությունների կողմից ՀԱՊՀ արտաքին գնահատման և հավատարմագրման արդյունքների մասին: Նա նշեց, որ ըստ փորձագիտական խմբի գնահատման արդյունքների HCERES-ի զեկույցի՝ ներկայացված 7 չափանիշներից 4-ը գնահատվել է «լավ», 3-ը «բավարար»: Այնուհետև, ըստ եղած չափանիշների, ՀԱՊՀ-ն ներկայացրել է նոր զեկույց՝ նախկինում արված դիտողությունների և երաշխավորությունների կատարողական ընթացքի վերաբերյալ: Հաջորդ քայլով կնքվել է եռակողմ երկրորդ պայմանագիրը՝ հավատարմագրման գործընթացի փուլերի վերաբերյալ:
Արդյունքում, ՀԱՊՀ-ն ստացել է ANECA-HCERES-ի փորձագիտական խմբի երկրորդ, ամփոփիչ զեկույցն իր գնահատականներով և հավատարմագրման հանձնաժողովի որոշումը (2018թ. փետրվար):
Ռ. Աղգաշյանը ներկայացրեց նաև որոշման պայմանները, հավատարմագրման հանձնաժողովի կազմը, նրանց կողմից արված դիտողությունները:
Այսպիսով, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհուրդն ավարտեց իր աշխատանքը: