Ավարտվել են Պոլիտեխնիկի ներբուհական քննությունները

Ավարտվել են Պոլիտեխնիկի ներբուհական քննությունները

Ավարտվել են Պոլիտեխնիկի բակալավրի կրթական ծրագրով ընդունելության համար մեկնարկած ներբուհական քննությունները:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դիմորդները քննություն են հանձնել «Գծագրություն», «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից, և արդեն հայտնի է դրանց ամփոփ պատկերը: Նախորդ տարվա համեմատ այս տարի ներբուհական քննություն հանձնողների թիվը չի նվազել:

Ինչպես տեղեկացրեց Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը դիմորդների պատրաստվածության աստիճանը բարձր էր, իսկ քննությունները կազմակերպված էին պատշաճ մակարդակով:

«Գծագրություն» առարկայից քննությանը մասնակցել են 37 դիմորդ: Անբավարար գնահատական է ստացել 7 հոգի: Միջին միավորը 12.35 է:

 

«Գծանկար» առարկայից քննությանը մասնակցել են 38 դիմորդ: Անբավարար գնահատական է ստացել 1 հոգի: Միջին միավորը 12.86 է:

 

«Կոմպոզիցիա» առարկայից քննությանը մասնակցել են 38 դիմորդ: Անբավարար գնահատական չի եղել: Միջին միավորը 13.32 է:

 

Առարկայի բացակայությունը դպրոցական ծրագրերում բերում է լուրջ դժվարությունների: Երեխաների մեծ մասը ստիպված է կամ կրկնուսույցի դիմել, կամ ինքնուրույն պարապելով քննություն հանձնել: «Մենք ունեցանք շատ ցածր որակի 7 աշխատանքներ, քանի որ դպրոցում գծագրություն անցնում են «Տեխնոլոգիա» առարկայի շրջանակներում՝ ընդհամենը 25 ժամ: Այս հարցը բազմիցս բարձրացվել է, սակայն մինչ օրս լուծում չի գտել: «Գծագրություն» առարկան, ըստ էության, ուսուցումը շարունակելու հիմքն է, հետևաբար պատահական մարդիկ չեն կարող հաջողությամբ հանձնել քննություն:

Կարինե Թումանյան

«Գծագրություն» առարկայի քննության հանձնաժողովի նախագահ, Ճարտարագիտական գրաֆիկայի ամբիոնի վարիչ

 

Կայացած քննությունների ընդհանուր համապատկերում առավել գոհացուցիչ էին «Կոմպոզիցիա» առարկայի քննության արդյունքները: