Մրցակցությունը Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում շարունակվում է

Մրցակցությունը Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում շարունակվում է

Այսօր` հուլիսի 17-ին, մեկնարկեց Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 280 հաստատված տեղի համար «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից գրավոր հարցումը:

Այս տարի Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում կրթությունը շարունակելու համար դիմել է 674 աշակերտ: Նրանցին 331-ն այսօր պայքարում է մեկ տեղի համար 2.4 գործակցով: Միայն Ֆիզմաթ հոսքի համար դպրոցն ունի հաստատված 100 տեղի համար 607 դիմորդ:

Ինչպես տեղեկացրեց Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համար գրեթե նույնքան դիմորդ է եղել:  «Գրավոր հարցումն իսկապես անհրաժեշտություն է: 674 դիմորդ ընդամենը 280 հաստատված տեղի համար, կարծում եմ՝ սա ֆանտաստիկ թիվ է՝ հաշվի առնելով ընդհանրապես այս տարվա բուհերի ընդունելության ցուցանիշը», – ասաց Ն. Համբարձումյանը: Տնօրենի տեղակալը հավելեց, որ ջանք ու եռանդ չի խնայվել ընդունելությունն արդյունավետ կազմակերպելու և դիմորդներին դպրոցը լավագույնս ներկայացնելու հարցում:

Նելլի Համբարձումյան

Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ

 

Այս տարին առանձնահատուկ է նրանով, որ գրավոր հարցման համար նշանակված է երկու օր, նախորդ տարիներին եղել է նույն օրը տարբեր ժամերի:

Գրավոր հարցման պատասխանատուները՝ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանի գլխավորությամբ, դիմորդների ծնողների ներկայությամբ բացեցին գրավոր հարցման ծրարները, դիմորդներին բաժանեցին հատուկ կոդավորված հարցաթերթիկները և ազդարարեցին հարցման մեկնարկը:

Գրավոր հարցման 2-րդ փուլը տեղի կունենա հուլիսի 18-ին: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 19-ին և հասանելի կլինեն Պոլիտեխնիկի պաշտոնական կայքում: