Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ընդունելությունն ավարտված է

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ընդունելությունն ավարտված է

Վերջին 5 ուստարվա ընթացքում Պոլիտեխնիկի Ավագ դպրոց ընդունվել ցանկացողների թիվը զգալիորեն գերազանցում է ընդունելության համար նախատեսված տեղերի թվին: Այս տարի դիմորդների թիվը հասել է 674-ի` գրեթե 2.5 անգամ գերազանցելով նախատեսված տեղերի քանակին:

 


 

ՀԱՊՀ Գիտական խորհրդի որոշմամբ այս տարի Ավագ դպրոցի համար սահմանվել էր 280 տեղ, որից 26-ը հատկացված էր «Դիզայն» ենթահոսքին, 100 տեղ՝ ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքին և 154 տեղ՝ ինժեներական ենթահոսքին։

 


 

Հետևելով թվային տվյալներին` պարզ է դառնում, որ դպրոցը անվիճարկելի առաջատարն է ինժեներական կրթության և որակյալ ինժեներական կադրերի պատրաստման գործում։ Դպրոցը պատրաստում է նախնական գիտելիքներով հարուստ ապագա ինժեներներ՝ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական առարկաների ուղղություններով և բարձր մակարդակի շրջանավարտներ է ապահովում Պոլիտեխնիկական համալսարանի համար:

Հարցին, թե ինչով է պայմանավորված դիմորդների մեծ քանակը Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ, դպրոցի ընդունելության կազմակերպիչ Նելլի Համբարձումյանը պատասխանեց, որ առաջին պայմանն, իհարկե, որակյալ կրթությունն է:

 

2014 -2015 ուստարուց սկսած Ավագ դպրոցի ընդունելությունը չի առանձնացվում համալսարանից: 2014թ.-ից ի վեր մենք աշխատում ենք հստակ ծրագրով: Բացի ֆիզմաթ ենթահոսքից դպրոցում ձևավորել են այլ ենթահոսքեր ևս՝ տնտեսագիտական, ինժեներական, դիզայնի ուղղություններով, որոնք իհարկե իրենց հերթին ապահովում են դիմորդների հոսք: Այս տարի մենք ունեցել ենք ամենաշատ թվով դիմորդներ` վերջին մի քանի տարվա համեմատ:

Նելլի Համբարձումյան

Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, և հուլիսի 18-ին անցկացվեցին Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի 280 հաստատված տեղի համար «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից գրավոր հարցումները:

Արդյունքները ամփոփվեցին հուլիսի 19-ին և հասանելի են Պոլիտեխնիկի պաշտոնական կայքում: