Կմեկնարկի «Միասնության Ուժ-2018» երիտասարդական-ուսանողական հավաքը

Կմեկնարկի «Միասնության Ուժ-2018» երիտասարդական-ուսանողական հավաքը

Պոլիտեխնիկի ուսանողները, օգոստոսի 26-30-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում կմասնակցեն «Միասնության ուժ-2018» երիտասարդական-ուսանողական հավաքին:

Այս տարի հավաքը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ուսանողական խորհրդի ջանքերով:

2016 թվականին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնած առաջին հավաքի հենքում էր ՀՀ անկախության 25-ամյակը, Արցախյան գոյամարտի վերհուշը և «Քառօրյա պատերազմի» դասերը: Նպատակ ունենալով երկրում գերակա դարձնել խելացի երիտասարդների միասնության գաղափարը «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքը առաջին անգամ անցկացվեց 2016թ. օգոստոսի 6-11-ը՝ «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում մի հարկի տակ հավաքելով ավելի քան 210 երիտասարդների։ Հավաքի շրջանակներում երիտասարդները բաժանվեցին հայ ականավոր ռազմական գործիչների Մոնթե Մելքոնյանի (Կարմիր ճակատ), Գարեգին Նժդեհի (Կապույտ ճակատ) և Վազգեն Սարգսյանի (Ծիրանագույն ճակատ) անունները կրող 3 ճակատների և մրցեցին միմյանց հետ ավելի քան 15 սպորտային, ինտելեկտուալ և մշակութային մրցաձևերում:

Երկրորդ հավաքը տեղի ունեցավ 2017 թվականի օգոստոսի 2-8-ը: «Միասնության ուժ-2017»-ի 3 ճակատները անվանակոչվել էին Արցախյան և Քառօրյա պատկերազմի պոլիտեխնիկցի հերոսներ Կարոտ Մկրտչյանի (Կարմիր ճակատ), Կարեն Ներսիսյանի (Կապույտ ճակատ) և Արամ Աբրահամյանի (Ծիրանագույն ճակատ) անուններով:

Անցած երկու տարիներին «Միասնության ուժ» ուսանողական-երիտասարդական հավաքը՝ լինելով միջբուհական, ՀՀ և ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ կառույցների երիտասարդ ուսանողներին հնարավորություն է ընձեռել ոչ միայն մասնակցել մշակութային, ինտելեկտուալ և մարզական մրցույթների, այլև ընկերական մթնոլորտում ծանոթանալ, շփվել տարեկիցների հետ:

Հավաքի գաղափարական հենքը երիտասարդների մոտ հայրենասիրության, միասնության ու թիմային պայքարի գաղափարների սերմանումն ու զարգացումն է, նոր ունակությունների բացահայտումը, երիտասարդների ավելի ազատ միջավայրում շփումն ու աշխարհայացքի ընդլայնումը։ «Միասնության ուժը» ուսանողական երիտասարդական հավաքի կարգախոսներն են՝ «Հզոր ենք, երբ միասին ենք» և «Միասնությունը ուժ է»։

Այս տարի «Միասնության ուժը» հավաքը ամբողջացնելով հոբելյանական տարին նվիրված կլինի Պոլիտեխնիկի 85 ամյակին:

Ուսանողական խորհրդի նախագահության կազմը հաշվի առնելով նաև 2018 թվականի մեր պետականության համար կարևորագույն նշանակության հոբելյանները՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800, Հայաստանի Առաջին Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30 ամյակնները որոշում է կայացրել «Միասնության ուժ-2018» ուսանողական-երիտասարդական հավաքի ճակատները անվանակոչել Արգիշտի արքայի (Կարմիր ճակատ), Արամ Մանուկյանի (Կապույտ ճակատ) և Ռոբերտ Աբաջյանի (Ծիրանագույն ճակատ):

Հիմք ընդունելով տարվա խորհուրդը, «Միասնության ուժ-2018» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքը այս տարի անցկացվելու է «Միասնություն, ազատություն, անկախություն» խորագրով:

Կարմիր ճակատ․ Արգիշտի արքա – 2018 թվականը նշանավորվում է Երևանի 2800-ամյա տարեդարձով։ Որպես Էրեբունի-Երևանի հիմնադիր, միայն արքաներին վայել կարմիր գույնը կրող ճակատի խորհրդանիշ ընտրվեց Արարատյան թագավորության Արգիշտի արքան։ Կարմիր ճակատի ղեկավարն է ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանողուհի, Ուսանողական Խորհրդի նախագահության անդամ Անի Սիմոնյանը:

Կապույտ ճակատ. Արամ Մանուկյան – 1918 թվականի մայիսի 28-ին Արամ Մանուկյանը կարդաց դարերով սպասված Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության հռչակագիրը, այնուհետև ստեղծեց ժամանակավոր կառավարություն և Ազգային խորհրդի վարչություն, որոնցով պահեց Հանրապետության բնականոն ընթացքը մինչև օրինական կառավարության Թիֆլիսից ժամանումը։ Խաղաղության, ազատության և պետականության կապույտ գույնի խորհրդանիշ ընտրվեց Արամ Մանուկյանը։ Կապույտ ճակատի ղեկավարն է ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Ուսանողական Խորհրդի նախագահ Միքայել Մարտիրոսյանը:

Ծիրանագույն ճակատ. Ռոբերտ Աբաջյան – 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը օրինակ է եկող սերունդների համար։ Հաղթանակի, անհնազանդության, եռանդի և ուժի գույն ծիրանագույն ճակատի խորհրդանիշ ընտրվեց Ռոբերտ Աբաջյանը։ Ծիրանագույն ճակատի ղեկավարն է ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանող, Ուսանողական Խորհրդի ինտելեկտուալ հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Թովմասյանը:

Մինչ «Միասնության Ուժ-2018»-ի մեկնարկը, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Պոլիտեխնիկի պաշտոնական ինստագրամյան էջում կարող եք դիտել նախորդ տարիներին կազմակերպված հավաքների բացառիկ լուսանկարները: