«Միասնության Ուժ-2018» ուսանողական-երիտասարդական հավաքից

«Միասնության Ուժ-2018» ուսանողական-երիտասարդական հավաքից

Oգոստոսի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարարական ճամբարում «Միասնության Ուժ-2018» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական հավաքի մասնակիցներին այցելեց ՀԱՊՀ ղեկավար կազմը` ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում հավաքի մասնակից պոլիտեխնիկցիները ուղղեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր բուհի կրթական, գիտական և տեխնիկական ոլորտների առանձնահատկությունների վերաբերյալ։ Ներկաները ստացան սպառիչ պատասխաններ։

Հանդիպման ավարտին ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը շնորհավորեց պոլիտեխնիկցիներին՝ կայացած միջոցառման առթիվ և մաղթեց հաջող ուսումնական տարի։

Հիշեցնենք, որ հավաքի գաղափարական հենքը երիտասարդների մոտ հայրենասիրության, միասնության ու թիմային պայքարի գաղափարների սերմանումն ու զարգացումն է, նոր ունակությունների բացահայտումը, երիտասարդների ավելի ազատ միջավայրում շփումն ու աշխարհայացքի ընդլայնումը։ «Միասնության Ուժը» ուսանողական երիտասարդական հավաքի կարգախոսներն են՝ «Հզոր ենք, երբ միասին ենք» և «Միասնությունը ուժ է»։

Այս տարի, հաշվի առնելով նաև 2018 թվականի մեր պետականության համար կարևորագույն նշանակության հոբելյանները, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800, Հայաստանի Առաջին Հանրապետության 100 և Արցախյան շարժման 30-ամյակնները որոշում է կայացրել «Միասնության ուժ-2018» ուսանողական-երիտասարդական հավաքի ճակատները կոչել Արգիշտի արքայի (Կարմիր ճակատ), Արամ Մանուկյանի (Կապույտ ճակատ) և Ռոբերտ Աբաջյանի (Ծիրանագույն ճակատ) անուններով: