Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում բացվեցին վերանորոգված դասասենյակներ

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում բացվեցին վերանորոգված դասասենյակներ

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցում տեղի ունեցավ վերանորոգված դասասենյակների հանդիսավոր բացումը: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, և դասասենյակները աշակերտներին ներկայացան բոլորովին նոր տեսքով:

Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը,  Ավագ դպրոցի տնօրեն Արման Առաքելյանը, դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, Ավագ դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ:

Վերանորոգումը իրականացվել է Ավագ դպրոցի միջոցներով և ՀԱՊՀ-ի աջակցությամբ:

«Բարձրագույն կրթության հիմքերը դրվում են ավագ դպրոցում: Մեր  նպատակն է կրթական ծրագրերի ժամանակակից պահանջներին համապատասխան՝ դպրոցում ձևավորել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների և ճարտարագիտական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումներ և հնարավորինս ընդլայնել  աշակերտների գիտելիքները: Նոր ուսումնական տարվան զուգահեռ սա մեծ անակնկալ է թե՛ աշակերտների և թե՛ ուսուցիչների համար: Միանշանակ երկու շահառուների համար էլ հաճելի կլինի դասերն անցկացնել վերանորոգված, հարմարավետ և լուսավոր դասասենյակներում, նոր նստարաններով և գույքով, այն ուսումնական գործընթացում ակնհայտորեն դրական ազդեցություն կունենա: Կարծում եմ լավ դասասենյակներում, լավ կրթությունը ավելի հաճելի է, քան լավ կրթությունը՝ վատ դասասենյակներում», – նշեց դպրոցի փոխտնօրեն Նելլի Համբարձումյանը:

Հյուրերը շրջեցին վերանորոգված դասարաններում և իրենց գոհունակությունն արտահայտեցին կատարված աշխատանքների վերաբերյալ:

Վստահ ենք, որ բուհի և դպրոցի միջև ձևավորված նմանատիպ համագործակցությունը վստահություն է ներշնչում այն բանի հանդեպ, որ հարմարավետ պայմանները, վերակառուցված և տեխնիկապես վերազինված դասասենյակները կնպաստեն կրթության որակի բարձրացմանն ու գիտելիքի նկատմամբ աշակերտների նոր վերաբերմունքի ձևավորմանը:

ՀԱՊՀ Ավագ դպրոցին մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ: