Հաջողության պատմություններ «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի շրջանակներում

Հաջողության պատմություններ «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի շրջանակներում

Հոկտեմբերի 18-ին, Տեխնոլոգիական շաբաթվա չորրորդ օրը, Ձեռներեցության օրվա շրջանակներում մեծաթիվ ուսանողներ, այդ թվում՝ այլ բուհերից, մասնակիցը եղան բազմաբովանդակ, օգտակար և ինֆորմացիոն սեմինար-քննարկումների։
Հանդիպում-քննարկումներն անցկացրեցին Վարդան Ալեքսանյանը՝ «Project Integration» ընկերության հիմնադիր տնօրեն, Սևակ Գևորգյանը՝ «OHM» ընկերության հիմնադիր տնօրեն, Արտավազդ Խաչատրյանը՝ «Grovf» ընկերության հիմնադիր տնօրեն, Խաչիկ Սահակյանը՝ «Grovf» ընկերության հիմնադիր տնօրեն, Դավիթ Ղարիբյանը՝ «Brainbit», «EnergyGlob», «ՕՄԷ» նախագծերի հիմնադիր տնօրեն, Տիգրան Մանուկյանը՝ «EnergyGlob» նախագծի հիմնադիր տնօրեն և Արսեն Առուստամյանը՝ «National Instruments» ընկերության ծրագրերի ղեկավար:
Նշենք, որ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում ներգրավված բոլոր զեկուցողներն ու խոսնակները բացառապես պոլիտեխնիկցի են:
Ձեռներեցության օրվա շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպել տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ընկերությունների հիմնադիր տնօրենների և այլոց հետ, տալ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչը կնպաստի նրանց հետագա զարգացմանը:
Մենթորները կիսվեցին իրենց անձնական փորձով, ներկայացրեցին իրենց հիմնադրած ընկերությունների ստեղծման պրոցեսը, խոսեցին բարդություններից և գաղափարների իրագործման առաջնային դրույթներից։
Ժամեր տևած քննարկումները մենթորների և մասնակիցների միջև նպաստեց երիտասարդների տեխնոզարգացմանը և խթան հանդիսացավ ավելի ճկուն մտածողության զարգացման համար։
Սեմինար-քննարկումների ավարտից հետո Ինովացիոն գաղափարների մրցույթի ընթացքում ձևավորված թիմերը ունեցան աշխատանքային ժամ, որի ընթացքում աշխատանքներ տարան նորարարական գաղափարի կատարելագործման համար, իսկ այդ հարցում մասնակիցներին իր խորհուրդներով և փորձով օգնում էին Մարի-Հրաչուհի Պօղոսեանը (ՆԽՀԿ տնօրեն) և Ամալյա Մխիթարյանը (ՀԱՃԼ համակարգող)։
Մասնակիցների հետ զրույցում պարզ դարձավ, որ թիմերն ունեն տարբեր ուղղվածության և չկրկնվող գաղափարներ, որոնք կիրառելի են տարբեր ոլորտներում։ Չբացելով փակագծերը և պահելով հետաքրքրությունը, թիմերի նորարարական գաղափարները կլուսաբանվեն ավելի ուշ, իսկ մինչ այդ «Տեխնոլոգիական շաբաթ-2018»-ի կազմակերպչական թիմը հաջողություն է մաղթում բոլոր գաղափարակիրներին։
Վաղը մասնակից թիմերը կշարունակեն իրենց աշխատանքները գաղափարներին ավարտուն տեսք տալու համար և կպատրաստվեն ելույթներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին բոլոր մասնակից թիմերը կներկայացնեն իրենց աշխատանքները ժյուրիին, որի ավարտից հետո պարզ կդառնան հաղթող 3 թիմերը: Նրանք կպարգևատրվեն հատուկ մրցանակներով, սակայն մյուս թիմերը ևս ձեռնունայն չեն մնա: Ծրագրի ավարտից հետո նրանք կուղղորդվեն իրենց թեմային համապատասխան համալսարանական ստորաբաժանումներ, լաբորատորիաներ և հարթակներ, իրենց գաղափարները իրականություն դարձնելու համար: