Ամփոփվեց «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ը

Ամփոփվեց «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ը

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի ճեմասրահում տեղի ունեցավ ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի մրցութային հատվածի ամփոփումը, որի ընթացքում ամփոփվեցին նաև ստարտափ գաղափարների մրցույթի արդյունքները։

ՀԱՊՀ 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 15-19-ը Պոլիտեխնիկում իրականացվեցին հետևյալ միջոցառումները՝ «Բաց դռների օր», «Ինժեներական նախագծերի ցուցահանդես», «Ինովացիոն գաղափարների մրցույթ», «Ձեռներեցության օր, հաջողության պատմություններ»։

«Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի ամփոփման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Պոլիտեխնիկից ներկա էին  ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը, Միջազգային համագործակցության ևկրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ։

Ռեկտոր Ո. Մարուխյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և հյուրերին:

 Իր խոսքում նա մասնավորապես նշեց. «Նախ հարկ եմ համարում իմ շնորհավորանքի խոսքը ուղղել մեր կրթական հաստատության բովով անցած Պոլիտեխնիկի շրջանավարտ Հակոբ Արշակյանին՝  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելու կապակցությամբ: Հպարտ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորագույն ոլորտը առաջնորդողը պոլիտեխնիկցի է: Պոլիտեխնիկը, որը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նեցուկ սյուներից մեկը, հպարտ կլինի բոլոր տեսակի մտահղացումների կենտրոնատեղի դառնալու համար:

Այսօր իր տրամաբանական ավարտին է մոտենում այն միջոցառումը, որն ըստ էության, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքացանկի կարևորագույն միջոցառումներից մեկն է: Առաջին օրվանից իսկ ոչ միայն պոլիտեխնիկցի ուսանողներ և դպրոցների աշակերտներ մասնակցեցին Տեխնոլոգիական շաբաթին, ծանոթացան բուհի ընձեռած հնարավորություններին: Ուրախ եմ, որ Պոլիտեխնիկը ընտրել է գիտագործնական ճանապարհներով իր հոբելյանը նշելու ուղին և այդ ճանապարհին «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ը ունի իր յուրօրինակ առաքելությունը: Վստահ եմ, որ առաքելությունը հասել է իր նպատակին»:

Նախարարի խոսքով՝ ինովացիոն գաղափարների իրականացման և զարգացման գործում առաջնայինը հենց նորարարական գաղափար առաջարկող և նորարարական միտքն իրագործելու ուղղությամբ աշխատող երիտասարդներն են։

Հակոբ Արշակյանը ողջունեց ուսանողներին և կարևորեց «Տեխնոլոգիական շաբաթ – 2018»-ի  իրականացումը։ «Այն, որ 85-ամյակի կապակցությամբ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում, ինքնին ապացույցն է նրա, որ Պոլիտեխնիկը նորարարության, գիտահետազոտության, ինժեներական մտքի և կրթության  բնօրրանն ու լոկոմոտիվն է: Շատ տպավորված եմ ուսանողների նոր մտքերով ու նորարարական մոտեցումներով: Ուրախ եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում ուսանողները ոչ միայն հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետության դասերի, սեմինարների, հետաքրքիր հանդիպում-քննարկումների, այլև «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ծանոթացել են համալսարանում առկա ենթակառուցվածքներին, այցելել ՀԱՃԼ, Անօդաչու թռչող սարքերի և ՀԱՊՀ-Տաշիր-ՀԷՑ գերազանցության կենտրոններ և Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ», – նշեց նախարարը։

Նախարարը հույս հայտնեց, որ մրցույթին մասնակցող ուսանողները  դժվարություններից չեն նահանջի, և իրենց գաղափարները կվերածեն հաջողակ բիզնեսների` չմոռանալով, որ կարևորն այդ ճանապարհին այն հիմնարար գիտելիքներն են, որ իրենք հնարավորություն ունեն ստանալու բուհում։

Ստարտափ գաղափարների մրցույթում ներկայացված 9 թիմերը, որոնք նախորդ շաբաթվա ընթացքում ոլորտի կայացած մասնագետների հետ աշխատել էին իրենց բիզնես նախագծերի վրա, 5 րոպեի ընթացքում ներկայացրին իրենց գաղափարն ու իրականացման պլանը՝ պատասխանելով ժյուրիի անդամների հարցերին։

Մրցույթի ամփոփման արդյունքում ընտրվեցին երեք լավագույն թիմերը.
Առաջին տեղ – SFA թիմ՝ Արտյոմ Հակոբյան, Արթուր Հակոբյան, Լենդրուշ Հարությունյան, Անդրանիկ Ոսկանյան, Սերյոժա
Սեդրակյան Երկրորդ տեղ – Tree Smart թիմ՝ Մկրտիչ Հարությունյան, Դավիթ Դանիելյան
Երրորդ տեղ – GGT՝  Գևորգ Մկրտչյան, Տիգրան Ալավերդյան, Գևորգ Ախլոյան:

 U Com ընկերությունը հաղթող թիմերի համար պատրաստել էր հատուկ մրցանակներ: Մասնակից մյուս թիմերին ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը հանձնեց պատվոգրեր։