«Մետաղորսիչի տղեն» պատրաստում է ռոբոտ, որը զինվորների փոխարեն ականներ կորոնի

«Մետաղորսիչի տղեն» պատրաստում է ռոբոտ, որը զինվորների փոխարեն ականներ կորոնի

Հովհաննես Սարգսյանը բանակ զորակոչվելուց առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ANEL (Հայկական ազգային ինժեներական լաբորատորիաներ՝ Armenian National Engineering Laboratories) կենտրոնում փորձաշրջանն ավարտելուց հետո առաջադրանք է ստացել ստեղծել ռոբոտ: Հովհաննեսը որոշում է ռոբոտ-ականազերծիչ ստեղծել, որը մարդկանց փոխարեն ականներ կորոնի և դրանք կվնասազերծի:

Ռոբոտը, որի վրա Հովհաննեսն աշխատում է, մեծապես նման է մետաղորսիչի. այն մետաղական իրերը գտնում է 15 սմ խորությամբ: Ռոբոտը դեռևս անուն չունի, սակայն քանի որ սկզբնական շրջանում Հովհաննեսն իր 2 ընկերների հետ է աշխատել այս նախագծի վրա, իրենց անունների տառերով են անվանում:

Առայժմ պատրաստ է միայն ռոբոտի նախատիպը, Հովհաննեսը հույս ունի ավելի կատարելագործելու ռոբոտը մինչև բանակ զորակոչվելը: Նոր տարբերակը ոչ միայն ական կկարողանա գտնել, այլև այն վնասազերծել: Հովհաննեսը պատմում է՝ նոր տարբերակում ձեռք-մանիպուլյատոր նույնպես կլինի, որը գտնված ականի վրա ոչ մեծ պայթուցիկ կտեղադրի, կհեռանա անվտանգ հեռավորության վրա և հեռակա կպայթեցնի այն։ Եթե ականները շատ լինեն, ապա բոլորը միանգամից կպայթեցնի կառավարողի կողմից:

Ռոբոտի ներկայիս տարբերակը Bluetooth-ի միջոցով հեռակառավարվում է, բայց նոր տարբերակը, Հովհաննեսի խոսքով, կկառավարվի ռադիոալիքների միջոցով. այդ ժամանակ օպերատորը կկարողանա գտնվել շուրջ 2 կիլոմետր հեռավորության վրա, ոչ թե 25 մետր, ինչպես հիմա։