Ջեյմս Թրուշարդին կշնորհվի Պատվավոր դոկտորի կոչում

Ջեյմս Թրուշարդին կշնորհվի Պատվավոր դոկտորի կոչում

Ս.թ. նոյեմբերի 30-ին, ժամը 9:30-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018թ. դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդին։ Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ջեյմս Թրուշարդիի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ջեյմս Թրուշարդին կշնորհվի ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում: Համալսարանում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի, բուհի ղեկավար անձնակազմի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:

Մինչ այժմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Apple Computer կորպորացիայի համահիմնադիր և ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2-րդ մրցանակակիր Սթիվ Վոզնյակին, «INTEL» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 1-ին մրցանակակիր Քրեյգ Բարրեթին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն և «Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանին, ՀՊՃՀ Խորհրդի նախկին նախագահ, պետական և հասարակական ականավոր գործիչ Ֆադեյ Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին, ՀՀ վաստակաշատ ճարտարապետ, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ Միհրան Աղբաբյանին, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինին, «Հիթաչի» ընկերության Էլեկտրոնային սարքավորումների խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյին, ՏՏ անվտանգության ոլորտի առաջատար՝ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության տնօրեն Եվգենի Կասպերսկուն, «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր համատնօրեն Չի Ֆուն Չանին, «Cisco systems» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլային, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի նախահայրերից՝ Լուի Պուզենին, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի համահեղինակ Թոնի Ֆադելին: