Պոլիտեխնիկի ռեկտորը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե հուշամեդալով

Պոլիտեխնիկի ռեկտորը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե հուշամեդալով

Փետրվարի 4-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Սինոփսիս Արմենիա»-ի ուսումնական դեպարտամենտի (ՍԱՈՒԴ) և գործընկեր համալսարանների համատեղ կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողների դիպլոմների հանձման պաշտոնական արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ժամանակ Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, արժևորելով ԵՊՀ և ՀԱՊՀ ռազմավարական համագործակցության կարևորությունը, Պոլիտեխնիկի հիմնադրման 85-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանին փոխանցեց Երևանի պետական համալսարանի բարձրագույն պարգևը՝ Ոսկե հուշամեդալը:

Ռեկտոր Ո.Մարուխյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատանքի համար, նույնպես կարևորեց ՀԱՊՀ-ԵՊՀ ռազմավարական համագործակցությունը և կրթական միջավայրում միասնական լինելու հանգամանքը: «Մեր ամենաջերմ մաղթանքներն ենք հղում մայր համալսարանին։ Պոլիտեխնիկը մայր բուհի ծնդունդն է, նրա զավակն է և 85-ամյակի առիթով ԵՊՀ-ի կողմից մեր աշխատանքի հանդեպ այսպիսի արժևորումը գնահատում ենք շատ բարձր։ Հատկանշական է նաև, որ դուք այսօր այդ պարգևը հանձնեցիք մեզ, վկան այն երիտասարդները, ովքեր այսօր ստացան իրենց կյանքի կարևոր հավաստագրերից մեկը»,-ասաց Ո.Մարուխյանը։

ԵՊՀ ոսկե հուշամեդալով պարգևատրվեց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը: