Պոլիտեխնիկում դասախոսեց Կանադայի թագավորական դրամահատարանի գլխավոր մասնագետ Վիկեն Ապրահամյանը

Պոլիտեխնիկում դասախոսեց Կանադայի թագավորական դրամահատարանի գլխավոր մասնագետ Վիկեն Ապրահամյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի պրոֆեսոր Լազար Սարգսյանի անմիջական նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողների հյուրն էր Կանադայի թագավորական դրամահատարանի գլխավոր մասնագետ, մետալուրգ Վիկեն Ապրահամյանը:

Հյուրին ներկայացրեց Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը: Նա շնորհակալություն հայտնեց Վիկեն Ապրահամյանին Պոլիտեխնիկ այցելելու համար՝ կարևորելով միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հանդիպումները ուսանողների հետ:

«Ոսկու ստացման առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը ռաֆինացման մեթոդով» խորագրով դասախոսության ընթացքում Վ. Ապրահամյան ներկայացրեց մետալուրգիայի առաջավոր տեխնոլոգիաների, մասնավորապես ռաֆինացման միջոցով բարձր մաքրությամբ ոսկու ստացման մեթոդը:

Դասախոսությանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ, արտադրության ներկայացուցիչներ այդ թվում՝ Զանգեզուրի պղձամոլիբդենային և Արարատի ոսկու կորզման կոմբինատի առաջատար մասնագետներ:

Վ.Ապրահամյանը նշեց, որ մետալուրգիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը, արդիականացումը մեծ պահանջարկ ունի աշխարհում։ «Այս ամենը շատ արագ զարգանում է ամբողջ աշխարհում և նաև Հայաստանում շատ արտադրողներ օգտվում են նոր տեխնոլոգիաներից»,-ասաց Վ.Ապրահամյանը:

Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետի դեկան Ալբերտ Ֆրանգուլյանը շնորհակալություն հայտնեց հյուրին հետաքրքիր դասախոսության համար:

Հանդիպման ավարտին ուսանողները հյուրին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան: