Պոլիտեխնիկի Գեորգի Արեշյանի անվան Կառավարման համակարգեր ամբիոնը նշեց հիմնադրման 60 ամյակը

Պոլիտեխնիկի Գեորգի Արեշյանի անվան Կառավարման համակարգեր ամբիոնը նշեց հիմնադրման 60 ամյակը

Այսօր՝ փետրվարի 15-ին, կայացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գեորգի Արեշյանի անվան Կառավարման համակարգերի ամբիոնի հիմնադրման 60 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Կառավարման համակարգերի ամբիոնի շրջանավարտներ, վաստակաշատ դասախոսներ և այլք:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը: Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը համապարփակ ներկայացրեց ամբիոնի անցած ուղին, կատարված աշխատանքները: «Անցյալ դարի 50-60-ական թվականները մեր հանրապետության հասարակական-տնտեսական կյանքում ամրագրված են հսկայական տեղաշաժեր արդյունաբերության, գիտության և տեխնիկայի զարգացման մեջ՝ ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի, արտադրության պրոցեսներում կառավարման ավտոմատացման ասպարեզներում։ Եվ միանգամայն բնական էր, որ հանրապետության ինժեներատեխնիկական կադրերի դարբնոցը՝ Երևանի պոլիտեխնիկականը, արձագանքելով ժամանակի հրամայականին, էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կազմում հիմնադրեց «Ավտոմատիկայի և հաշվողական տեխնիկայի» ամբիոնը։ Այսօր «Կառավարման համակարգեր» վերանվանված ամբիոնը հպարտությամբ կրում է իր առաջին վարիչ և մեր համալսարանի երախտավոր ՀՀ ԳԱ ակադեմիկոս Գեորգի Արեշյանի անունը»,-ասաց Ո.Մարուխյանը:

Հոբելյանի կապակցությամբ, ամբիոնի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, անբասիր աշխատանքի, ինչպես նաև Պոլիտեխնիկի հիմնադրման 85 ամյակի միջոցառումների շրջանակում ռեկտորը պարգևատրեց ամբիոնի մի շարք դասախոսների և պրոֆեսորների:

Իր ելույթում Կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ, օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն գիտական ղեկավար Օլեգ Գասպարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, ներկայացրեց ամբիոնի անցյալը, ներկան, ապագայի զարգացման տեսլականը, խոսեց ամբիոնի հնարավորությունների մասին՝ միաժամանակ հրավիրելով դիտելու օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի ընձեռած հնարավորությունները:

Ավարտին պոլիտեխնիկցիները, հյուրերը և ներկաները շնորհավորեցին միմյանց հոբելյանական միջոցառման առթիվ: