Կրթաթոշակներ

Տաշիր-ՀԷՑ կրթաթոշակ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սահմանված կրթաթոշակը կիրառման մեջ է դրվել 2017 թվականից: Սահմանվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Պոլիտեխնիկի գերազանցությամբ սովորող ուսանողներին աջակցելու,  ուսման նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև սովորողների մասնագիտական կարողությունների զարգացումը և ստեղծագործական ինքնադրսևորումը խթանելու նպատակով:
Տրվում է Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի և Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտների՝ գերազանցությամբ սովորող ուսանողներին:
Կրթաթոշակի ամսական չափը կազմում է 250 000 ՀՀ դրամ` ուսումնական տարվա 10 ամիսների համար: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սահմանված կրթաթոշակ մինչ այսօր ստացել է Պոլիտեխնիկի 55 ուսանող:


Կարեն Դեմիրճյանի անվան կրթաթոշակ

Կարեն Դեմիրճյանի անվան կրթաթոշակը գործում է  2016 թվականից:  Սահմանվել է «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի կողմից, հատկացվում է Պոլիտեխնիկի Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի (նախկինում՝ Մեխանիկամեքենագիտական կամ Մեքենաշինական ֆակուլտետների) նախորդ տարիներին գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին:  Մինչ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան կրթաթոշակ տրվել է Պոլիտեխնիկի 3  ուսանողի:


Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ

Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը սահմանվել է «Անդրանիկ Մարգարյան» հիմնադրամի կողմից, գործում է 2008 թվականից: Հատկացվում է ՀԱՊՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի (նախկինում՝ Կիբեռնետիկայի ֆակուլտետի) նախորդ տարիներին գերազանց առաջադի­մություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին: Մինչ այօր Պոլիտեխնիկում Ա. Մարգարյանի անվան կրթաթոշակ ստացել է 6 ուսանող:


Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակ

Հարություն Գելեջյանի անվան կրթաթոշակը սահմանվել է 2016 թվականից՝ Պոլիտեխնիկի շրջանավարտ Հարություն Գելեջյանի առաջարկությամբ՝ համալսարանում սովորողների ինտելեկտուալ ներուժի զարգացման խթանման, հասարակական և ուսումնագիտական գործունեության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով:
Կրթաթոշակի վճարման աղբյուր են հանդիսանում նվիրատու Հ. Գելեջյանի կողմից ՀԱՊՀ-ին նվիրաբերած 100000 ԱՄՆ դոլար գումարի, ՀՀ բանկային համակարգում ավանդադրած տոկոսները:
Կրթաթոշակը տրամադրվում է միանվագ՝ որի չափը յուրաքանչյուր անգամ սահմանվում է համալսարանի Ռեկտորատի կողմից: Հ. Գելեջյանի անվան կրթաթոշակ մինչ օրս ստացել է Պոլիտեխնիկի 60 ուսանող: