Օլեգ Նիկոլայի Գասպարյան

Օլեգ Նիկոլայի Գասպարյան

Օլեգ Նիկոլայի Գասպարյան

Կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ

Օլեգ Նիկոլայի Գասպարյանը 1970 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիբեռնետիկայի ֆակուլտետը:

20 տարուց ավելի աշխատել է ՍՍՀՄ Պաշտպանական արդյունաբերության նախարարության «ԱՍՏՐՈ» և «Գրանիտ» հատուկ կոնստրուկտորական բյուրոներում՝ տիեզերական սարքաշինության ոլորտում:

2002 թվականից աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես գլխավոր գիտաշխատող:

2006 թվականից ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) «Ակադեմիկոս Գ. Լ. Արեշյանի անվան կառավարման համակարգեր» ամբիոնի վարիչն է:

Կառավարման, ավտոմատացման համակարգերի և էլեկտրոնիկայի 032 մասնագիտացված խորհրդի, ՀԱՊՀ-ի «Բանբեր»-ի (սերիա՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա) և Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարանի «Электронный, сетевой политематический журнал Научные труды Куб ГТУ» հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է:

Մասնակցել է «Օրիոն-2» (թռիչքը կայացել է 1973թ-ին), «Աստրոն» (1983թ.), «Գլազար-1» (1987թ.), «Գլազար 2» (1990թ.) ուղեծրային աստղադիտարանների կառավարման և բարձր ճշգրտության հետևող համակարգերի նախագծման և իրագործման աշխատանքներին և փորձարկումներին:

ՀՀ 100 առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներից մեկն է (ըստ 2013 և 2015թթ. ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների արդյունքների):

1976 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1986 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան:

1986 թվականին «Աստրոն» միջազգային ուղեծրային աստղադիտարանի ստեղծմանը մասնակցելու համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի՝ գիտության և տեխնիկայի բնագավառում:

2012 թվականին՝ ՀՀ Նախագահի մրցանակի՝ տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում:

100-ից ավելի գիտական հոդվածների և մենագրությունների, 4 հեղինակային վկայականների հեղինակ է: